ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱԳԱՆ ԱՅՆՔԱՆ ԷԼ ԱՆՎՏԱՆԳ ՉԷ

Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական կոմիտեն (ՀՀ ԱՎԿ) եռամսյակային կտրվածքով ներկայացնում է «Պարենային ապահովություն և աղքատություն» բավականին ծանրակշիռ հրապարակումը: Ցավոք, եռամսյակային պարբերականությանը համահունչ չէ այդ հրապարակման վիճակագրական տվյալների թարմությանը, քանի որ դրանք հրապարակվելիս արդեն մեկից-երկու տարվա վաղեմություն ունեն: Իսկ ժամկետանց տվյալներով պարենային անվտանգության վիճակի օպերատիվ վերլուծություն, առավել ևս, բարելավման միջոցառումներ առաջարկելը, սպասվող արդյունք չի ապահովում: Այդուհանդերձ, ունենք այն, ինչ որ ունենք և պարտադրված ենք առաջնորդվել առկա պաշտոնական տվյալներով: Ահավասիկ, 2020թ. փետրվարի 24-ի «Պարենային ապահովություն և աղքատություն, 2019թ. հունվար-դեկտեմբեր» հրապարակումը ներկայացնում է 2018 թ. պարենային հաշվեկշիռը: Նույն փաստաթղթում 2019թ. տվյալներով առկա են գյուղատնտեսական արտադրանքների արտադրության, պարենամթերքի ներմուծման և արտահանման, անգամ մարդասիրական օգնության խողովակով ստացված բուսաբուծական և կենդանական ծագման, ինչպես նաև պատրաստի սննդամթերքի ծավալները, սակայն սպառման ցուցանիշների բացակայության պատճառով, ինչպես նշեցինք՝ 2020 թ-ին հրապարակվում է միայն 2018թ-ի պարենային հաշվեկշիռը: Սա այն դեպքում, երբ պարենային անվտանգության համակարգի կառավարման ամենակարևոր օղակը ելակետային տեղեկատվության հավաստիությունն ու օպերատիվությունն է: Հատկանշական է, որ օրինակ՝ Ղրղզստանի Ազգային վիճակագրական կոմիտեն յուրաքանչյուր տարի, դարձյալ եռամսյակային պարբերականությամբ, այն էլ՝ ըստ մարզերի և բնակչության սեռահասակային ու սոցիալական խմբերի, հրապարակում է նախորդ տարվա պարենային ապահովության և աղքատության ցուցանիշները, իսկ ՀՀ ԱՎԿ-ի օգտատերերին հասնում է սոսկ ժամանակավրեպ տեղեկատվություն:

Բնակչության պարենային անվտանգության և աղքատության վիճակագրության հաջորդ խիստ անհանգստացնող թերությունը տվյալների հավաստիությունն է: Անգամ ոչ մասնագետի համար նկատելի է, որ հատկապես 2012-2016 թվականներին գյուղատնտեսական մշակաբույսերի տարածության և համախառն բերքի ցուցանիշների օրինաչափությունը խախտվել է: Ավելին, այդ ժամանակահատվածում, երբ իրականում ավելանում էին անմշակ վարելահողերը, վիճակագրությունը տարեկան միջին հաշվով 42,5 հազ. հա ցանքատարածության ավելացում էր ցույց տալիս: Մասնավորապես, ցորենի ցանքատարածությունն ավելացել է 25.64 հազ. հեկտարով կամ 33%-ով: Միանգամայն հնարավոր էր, որ այսպիսի «աճպարարության» շնորհիվ ՀՀ-ում ցորենի ինքնաբավությունը հասներ 49-53%-ի, իսկ ցորենի տեղական արտադրությունը՝ մինչև 362 հազ. տոննայի (աղյուսակ 1): Այս «հաջողության» միակ պատճառը կեղծ տվյալների հրապարակումն է, որի կանխարգելման ուղղությամբ 2017թ. որոշակի միջոցներ ձեռնարկեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Թերևս, շատ հեշտությամբ «տնտեսական աճ» ապահովող այդ կեղծիքների և ոլորտում համակարգային միջոցառումներ չիրականացնելու պատճառով չի «շտկվում գյուղատնտեսության մեջքը» և վերջին տարիներին միայն անկում է արձանագրվում:

Այս հիմնախնդրի մասին անդրադարձել ենք մեր նախորդ հրապարակումներում, ուստի միայն արձանագրենք, որ սկսած 2017թ-ից որոշակի դրական միտում է նկատվում: Ակնհայտ է, որ ոչ հավաստի տեղեկատվությունը խեղաթյուրվում է տնտեսության իրական պատկերը, որը բերում է ներճյուղային և միջոլորտային համամասնությունների, հատկապես՝ արտադրության գործոնների և արդյունքների, արտադրության և սպառման, արտահանման և ներմուծման, վերջապես առաջնային անհրաժեշտության ապրանքների, հատկապես՝ պարենի հաշվեկշռի  անտրամաբանական հարմարեցման:

Աղյուսակ 1.

Վերադառնանք ՀՀ պարենային անվտանգության առավել առանցքային խնդիրներին: Որպես կանոն, գոյություն ունի երկրի պարենային ապահովության բավարարման երեք հիմնական տարբերակ: Առաջինը և համեմատաբար հազվադեպ կիրառվողն այն տարբերակն է, երբ երկիրը բոլոր պարենային ապրանքներով ինքնաբավ է: Երկրորդ տարբերակի դեպքում երկրի պարենային ապահովումը հիմնականում կախված է արտաքին շուկայից: Երրորդ, ամենատարածված տարբերակը  հիմնվում է երկրի համեմատական առավելությունների վրա և ըստ տնտեսական նպատակահարմարության՝ արտահանում ու ներմուծում պարենային ապրանքներ: Այդուհանդերձ, ցանկացած տարբերակի դեպքում երկրի տնտեսական անվտանգության շահերը պահանջում են սահմանել առանցքային կարևորություն ունեցող պարենային ապրանքների ինքնաբավության շեմային մակարդակ և ստեղծել ռազմավարական ապրանքների փոխանցվող կամ անձեռնամխելի պաշարներ:

Հայաստանը, սկսած 2020թ. մարտի երկրորդ տասնօրյակից, կորոնավիրուսի համավարակի և արտակարգ դրության պայմաններում տակավին պարենի անբավարարություն չի զգացել: Ավելին, ՀՀ վարչապետը դիմելով արտահանմամբ և ներկրմամբ զբաղվող խոշոր ընկերությունների ղեկավարներին նշել է. «Նախ, ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ ի հեճուկս բոլոր դժվարությունների, շարունակում եք աշխատել որքան հնարավոր է բնականոն ձևով»: Սակայն դեռևս դժվար է կանխատեսել, թե որքան կշարունակվի համավարակը և ինչպիսի սոցիալ-տնտեսական ու քաղաքական հետևանքներ կունենա: Ուստի, կառավարությունը ոչ միայն պետք է ապավինի ձեռներեցների արդյունավետ գործունեությանը, այլև ճգնաժամային իրավիճակների համար պետք է ձևավորի պարենի ռազմավարական պահուստներ: Այս առումով, հուսադրող է, որ ՀՀ ԱԺ-ն 2020թ. մարտի 4-ին ընդունել է «Նյութական պահուստի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը և ներկայում քննարկվում են ենթաօրենսդրական ակտեր, որոնց նպատակը նյութական պահուստի համակարգի զարգացման իրավական դաշտի ստեղծումն է:

Ի դեպ, անհրաժեշտ է ընտրել այդ պահուստների ձևավորման այնպիսի կառուցակարգեր, որոնք միաժամանակ կնպաստեն գյուղատնտեսական արտադրանքի իրացման համակարգի բարելավմանը, պարենային շուկայի կարգավորմանը, բյուջետային միջոցների խնայողաբար օգտագործմանն ու կոռուպցիոն երևույթների կանխարգելմանը:

Պարենային անվտանգության ցուցանիշների հավաստիության բարձրացման հաջորդ խնդիրն առնչվում է ՀՀ և Արցախի Հանրապետության հաշվեկշիռների փոխհամաձայնեցմանը: ՀՀ տնտեսական զարգացումը ուղղակիորեն ազդում է ԱՀ տնտեսական զարգացման վրա: Միաժամանակ, որոշակի գործոններով պայմանավորված, նկատելի է նաև ԱՀ-ի փոխազդեցությունը: Ելնելով այս իրականությունից՝ աներկբա է, որ Հայաստանի և Արցախի տնտեսությունները շուրջ երեք տասնամյակ զարգանում են աստիճանական սերտաճման ճանապարհով: Հայկական երկու հանրապետությունների միջև մաքսային սահմանի բացակայությունը, միևնույն ազգային արժույթը և դրամավարկային քաղաքականությունը, ըստ էության՝ ընդհանուր շուկան և նույնանման օրենսդրական դաշտը, ընդհանուր արժեհամակարգերն ու մշակութային քաղաքականությունը տնտեսական ինտեգրման հիմնավոր պայմաններ են ստեղծել: Այլևս անթաքույց է, որ ՀՀ ազգային և տնտեսական անվտանգության հայեցակարգն անհնար է պատկերացնել առանց Արցախի, և երկու երկրները փաստացի գտնվում են միևնույն տնտեսական տարածքում: Ահավասիկ, երկու երկրների պարենային հաշվեկշիռների վերլուծությունը ցույց է տալիս, որ ազգային վիճակագրական մարմինները դրսևորում են ստանդարտ մոտեցում, հաշվի չեն առնում ՀՀ-ի և ԱՀ –ի միջև պարենային հոսքերը, ինչը բացասաբար է անդրադառնում ցուցանիշների հավաստիության վրա: Այս տեսանկյունից, քննարկենք մի քանի նկատառում և փորձենք կատարել հետևություններ: Նախ, ՀՀ պարենային հաշվեկշռի ամբողջական առաջարկի կարևոր բաղադրամասերն են պարենի տեղական արտադրության և ներմուծման ցուցանիշները: Վերջիններիս և տարեսկզբի պահուստի հանրագումարով ձևավորվում է տվյալ պարենամթերքի ամբողջական առաջարկը, որը հիմք է սպառումը հավասարակշռելու և ինքնաբավության մակարդակը հաշվարկելու համար: ՀՀ ԱՎԿ-ն այդ ամբողջական առաջարկը բաշխում է երկրի ներսում՝ սննդի, սերմի, անասնակերի նպատակով սպառման, կորուստների հաշվարկման և տարեվերջի պահուստների ձևավորման համար: Այսինքն՝ հաշվի չի առնվում այն փաստը, որ այդ ծավալի մի մասը սպառվում է ԱՀ-ում: Երկրորդ, ՀՀ բնակչության սպառած պարենի մեջ իր որոշակի չափաբաժինն ունի արցախյան ծագումով արտադրանքը, որը ՀՀ ԱՎԿ-ն չի ներառում պարենային հաշվեկշռի ներմուծման բաժնում: ՀՀ և ԱՀ պարենային շուկայի և պարենային անվտանգության իրական ու ամբողջական պատկերը ներկայացնելու համար անհրաժեշտ է կա՛մ վերանայել պարենային հաշվեկշռի կազմման մեթոդաբանությունը, կա՛մ որպես այլընտրանք կազմել միասնական պարենային հաշվեկշիռ և իրականացնել պարենային շուկայի կարգավորման միասնական քաղաքականություն:

Այսպիսով, կորոնավիրուսի համավարակի հետևանքով ստեղծված արտակարգ իրավիճակը, որը շարունակվում է մոտ մեկ ամիս, բացահայտեց, որ ՀՀ պարենային անվտանգությունը կառավարելի է և հիմնական պարենային ապրանքների մասով առկա են բավարար պահուստներ: Միաժամանակ, մասամբ համավարակի և մասամբ եղանակային պայմանների պատճառով, խաթարվեց բեռնափոխադրումների ռիթմը ՌԴ-Վրաստան-Հայաստան շղթայում: Ուստի, արտակարգ իրավիճակի տևողությունից կախված, կարող են առաջանալ պարենի անխափան մատակարարման ռիսկեր: Այսպիսի իրողությունները հարկադրում են ուշադրություն դարձնել ՀՀ պարենային անվտանգության համակարգի «թույլ» կողմերին և իրականացնել հետևյալ միջոցառումները.

  1. բարձրացնել պարենային անվտանգության վիճակագրության հրապարակման օպերատիվությունը և ելակետային տվյալների հավաստիությունը,
  2. հիմնովին վերանայել ՀՀ նյութական պահուստների ձևավորման կառուցակարգերը և ստեղծել արդիական արդյունավետ համակարգ,
  3. կազմել ՀՀ և ԱՀ միասնական պարենային հաշվեկշիռ և իրականացնել պարենային շուկայի կարգավորման միասնական քաղաքականություն: