ՀՊՏՀ-ում տեղի է ունեցել Սկոպուսի վերաբերյալ տեղեկատվական սեմինար

Գիտությունների թեկնածու, Սկոպուսի առանցքային հարցերով տեղեկատվական խորհրդատու Անդրեյ Սերգևիչը փետրվարի 8-ին ՀՊՏՀ-ում անցկացրել է «Սկոպուսում տեղեկատվության արդյունավետ որոնում» թեմայով ճանաչողական սեմինար։ Այս մասին հայտնում են միջազգային կապերի բաժնից:
Նշենք, որ Սկոպուսը համակարգ է, որում ընդգրկված են մի շարք բարձր վարկանիշ և ինդեքս ունեցող ակադեմիական ամսագրեր: Այն հեղինակների կողմից իրականացված գիտական հետազոտությունների արագ տարածման միջոց է և մատենագիտական հետազոտությունների և գիտության զարգացման աղբյուր:
ՀՊՏՀ-ից սեմինարին մասնակցել են գիտության գծով պրոռեկտոր Թաթուլ Մկրտչյանը, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Դավիթ Հախվերդյանը, փոխտնօրեն-ավագ փորձագետ Վարդան Աթոյանը, փորձագետ Շուշան Մովսիսյանը, ավագ հետազոտող և ֆոնդհայթայթման մասնագետ Տաթև Եղյանը, գիտահետազոտական աշխատանքների կազմակերպման բաժնի պետ Տիգրան Մարտիրոսյանը, միջազգային կապերի բաժնի առաջատար մասնագետ Գայանե Այվազյանը։
Համագործակցությունը շարունակական է լինելու։ Առաջիկա վեբինարների ընթացքում կքննարկվեն Սկոպուսի դերը համալսարանների միջազգային վարկանշավորման ընթացակարգում, ինչպես նաև Սկոպուսում հոդվածների ընտրության չափանիշներն ու փորձագիտական գնահատման մեխանիզմները։
ՀՊՏՀ գիտնականները և փորձագետները հնարավորություն ունեն օգտվել Սկոպուս համակարգից` փետրվարի 8-ից մինչև մարտի 7-ը։